Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Պուտինին անդիմադրելի ձգում է ռիսկը

Պուտինին անդիմադրելի ձգում է ռիսկը
08.02.2016 | 11:51

Հիմա, երբ նավթի գների անկումը բացահայտել է, որ ռուսական տնտեսության վերածնունդը պղպջակ էր, գայթակղիչ է ասել, որ նախագահ Վլադիմիր Պուտինը ընդամենը կոռումպացված պաշտոնյա է, ում բախտը մի քանի ակնթարթով բերել է՝ BloombergView-ում գրում է Լեոնիդ Բերշիդսկին: Բայց այդ գնահատականը հաշվի չի առնում ռիսկի նկատմամբ նրա քամահրանքը:
Բրենտ նավթի գները հիմա տատանվում են 30 դոլարի միջակայքում՝ բարելի դիմաց, որ շատ անհարմար գին է ռուսական տնտեսության համար: Թվում էր՝ Պուտինը կհամարի, որ հարմար պահ է՝ հետ քաշվելու իր համար դժվարություններ ստեղծող ճգնաժամերից՝ ՈՒկրաինայի ու Սիրիայի իրադարձություններից, տնտեսության վրա կառավարության խեղդող վերահսկողությունից, որ սահմանվել է նրա ընկերների շահերից ելնելով: Իսկ նա համառում է, թեպետ ռուսական հասարակական կարծիքը, սկսել է իշխանությունից հոգնածության վտանգավոր ախտանիշներ ի հայտ բերել: Ինչ-ինչ, բայց դա արտառոց խիզախության նշան է:
Պուտինը հետքայլ չարեց ուկրաինական հարցում: Սիրիայում, շնորհիվ ռուսական ավիացիայի հարվածների, Ասադի հոգնած զորքերը հարձակման անցան: Թվում է՝ Պուտինը չի վախենուն, որ պատերազմում հաղթանակներին հաջորդում են պարտությունները, թեպետ չի ուզում Սիրիա ցամաքային զորքեր ուղարկել: Նա չի վախենում և խրվել-մնալ Սիրիայում, ինչպես ԽՍՀՄ-ը 80-ականներին՝ Աֆղանստանում:
Տնտեսական ճակատում Պուտինը բախվեց բյուջետային ծախսերի վիթխարի ծրագրերի համար փող գտնելու անհրաժեշտությանը, որ ֆինանսավորում են նրա ընտրազանգվածը և ուժային կառույցների վիթխարի ապարատը: Նախարարները կողմ են զանգվածային սեփականաշնորհման, Պուտինը հստակ հասկացրեց՝ եթե սեփականաշնորհում, միայն իմ կանոններով: Բայց այդ սեփականաշնորհումը միայն կամրապնդի կառավարության ու բիզնեսի միաձուլումը, որ դարձել է Պուտինի տնտեսության հիմնական բնորոշիչը և ռուսական տնտեսության նզովքը: Որպեսզի այդքան անբարենպաստ պայմաններում այդպես համառ քո գիծը տանես, պետք է կամ խելահեղ ռիսկով լինես, կամ ողջամտությանը հակասող՝ վիրտուոզ հաշվարկող: Առաջին բացատրությունն ավելի տրամաբանական է:
«Առաջին դեմքով» հարցազրույցների գրքում Պուտինը պատմում է մի դեպք իր երիտասարդությունից. ինքը՝ համալսարանի ուսանող, և ձյուդոյի մարզիչը մեքենայով գնում են ռազմաբազա: «Դիմացից գալիս է խոտով բարձված բեռնատար: Պատուհանը բաց է և հնձած խոտը անուշ բուրում է: Երբ ես շրջադարձին հավասարվեցի բեռնատարին, ձգվեցի խոտ պոկելու: Մեքենաները քսվում են իրար: Մեկ էլ ղեկը թեքվեց, ինձ քաշեց բեռնատարի հետևի անիվի տակ: Ես կտրուկ ղեկը շրջեցի մյուս կողմ: Դժբախտ «Զապորոժեցը» երկու անիվի վրա կանգնեց: Ես գործնականում կորցրի մեքենայի կառավարումը: Մենք, իհարկե, պիտի գլորվեինք ճանփեզրյա փոսը, բայց, բարեբախտաբար, վերադարձանք ելման դրություն: Լինում են, չէ՞, միանգամայն անբացատրելի արարքներ: ՈՒ ի՞նչն էր ինձ այդպես ձգում դեպի բեռնատարը: Երևի խոտի բույրը շատ համով էր»՝ հարցազրույցում պատմել է Պուտինը: Ինչ-որ իմաստով նա հիմա էլ ձգվում է (իր ընկալումով) անուշ բուրող ու համով բանի հետևից՝ հաշվի չառնելով փոսն ընկնելու ռիսկը: Բայց հիմա նա վիթխարի երկրի ղեկին է, ոչ թե դժբախտ «Զապորոժեցի»:
Լեոնիդ ԲԵՐՇԻԴՍԿԻ, BloombergView


Հ.Գ.
Իսկ մենք այդ «դժբախտ «Զապորոժեցի»-ի պոչին ենք կապում մեզ, և ո՞ւր ենք գնալու այդ ընթացքով: Բուրումնավետ ու համով խոտը գազի տեսքով թանկ է, փոսը մեծանում է: ՈՒրիշ մեքենաներն էլ բանի տեղ չենք դնում: Հիմա մե՞նք ենք ավելի ռիսկով, թե՞ Պուտինը:
Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 1557

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ